ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. 1988թ.–ին Սումգայիթում իրականացված ոճրագործությունների օրերը (փետրվարի 27-29-ը) միայն ոգեկոչման ամսաթվեր չեն, այլ պահեր` արժևորելու թշնամանքի հաղթահարման անհրաժեշտությունը՝ ապագայում դրա դրսևորումների կրկնությունը բացառելու նպատակով: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում` Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ։
Հայտարարությունում հիշեցվում է, որ Սումագայիթում հայկական ծագում ունեցող քաղաքացիների զանգվածային սպանությունները և խոշտանգումները շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում՝ նույն օրինաչափություններով և զարհուրելի դաժանությամբ։
«Այդ իրադարձությունների հետևանքով հարյուրավոր հայեր սպանվեցին, շուրջ կես միլիոն հայ ենթարկվեց բռնի տեղահանության»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվել են մինչև 2023 թվականի սեպտեմբեր, երբ ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը։
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։