ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներգաղթյալների զանգվածային արտաքսում է նախապատրաստում, Սպիտակ տունը նախատեսում է այդ նպատակի համար կիրառել «Օտարերկրյա թշնամիների մասին» 1798 թվականի օրենքը(Alien Enemies Act)։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Խոսքը 18-րդ դարի օրենքի մասին է, որը պատերազմի կամ օտարերկրյա պետության կողմից սպառնալիքի դեպքում ԱՄՆ նախագահին լիազորություն է տալիս առանց դատավարության ձերբակալել և արտաքսել օտարերկրացիներին: Իրավապաշտպանները, սակայն, նշում են, որ անօրինական միգրանտների նկատմամբ օրենքի կիրառումը կարող է իրավական խնդիրներ հարուցել, քանի որ ԱՄՆ-ն պատերազմական վիճակում չէ:
Հիշեցնենք` հունվարի 20-ին` իր երդմնակալության օրը, Դոնալդ Թրամփը խոստացել էր անհապաղ դադարեցնել ապօրինի ներգաղթյալների մուտքը ԱՄՆ–ի տարածք և միլիոնավոր միգրանտների արտահանձնման գործընթաց սկսել: Նա նաև արտակարգ իրավիճակի ռեժիմ էր սահմանել ԱՄՆ–ի հարավային սահմանին տիրող իրավիճակի պատճառով։