Սահմանազատման 2-րդ փուլից առաջ հանձնաժողովների նոր հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետը դժվարացավ ասել, թե սահմանազատման գործընթացն այս տարի կհասնի Ջերմուկի հատվածին, թե ոչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի երկրորդ փուլի մեկնարկից առաջ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հանձնաժողովների նոր հանդիպում կլինի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա չբացառեց, որ հանդիպումը կարող է լինել մարտին։
«Սահմանազատման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հրապարակային է, վերջին հանդիպումից հետո մենք հրապարակել ենք և մատնանշել` ոնց ենք շարունակելու աշխատանքները»,– ասաց Գրիգորյանը։
Փոխվարչապետը հիշեցրեց, որ սահմանազատման գործընթացը շարունակելու են հյուսիսային անկյունից, որն ընդհանուր կոնսենսուսային որոշում է։
Sputnik Արմենիան հետաքրքրվեց` սահմանազատման գործընթացն այս տարի կհասնի՞ Ջերմուկի հատվածին։ Գրիգորյանն ասաց, որ չի կարող պատասխանել։
Տավուշում սահմանազատումը կանցկացվի 1978 թ. սահմանով. ինչո՞վ է այն զիջում 1976-ի քարտեզին
Հիշեցնենք` հունվարի 16–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հերթական հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության էին եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ, այն է` պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ` հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։