ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) պլանավորում են պարբերաբար հանդիպումներ անցկացնել «հնգյակի» երկրների բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այս մասին Մինսկում բիզնես համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիտ Սուլթանովը։
Նրա խոսքով՝ նման հանդիպումներ անցկացվել են Ռուսաստանում, Հայաստանում և Ղազախստանում:
«Գործարարները պետք է հանդիսանան Եվրասիական տնտեսական ինտեգրման հիմնական շահառուները և ԵԱՏՄ իրավունքի պահանջարկն ապահովող ինտեգրացիոն գործընթացների շարժիչ ուժը», - հայտարարել է Սուլթանովը:
Էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարարը նշել է նաև, որ հանդիպումները տեղի կունենան ոչ միայն ԵԱՏՄ երկրների մայրաքաղաքներում, այլև այլ բնակավայրերում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության մշտապես գործող կարգավորող մարմին է: Հանձնաժողովի հիմնական նպատակը ԵԱՏՄ գործունեության և զարգացման պայմանների ապահովումն է, ինտեգրման հետագա զարգացման մասով առաջարկությունների մշակումը: ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը: