ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվեց նաև կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ճանապարհը բացվել է միայն թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցներիհամար։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– ասված է դեպարտամենտի հաղորդագրությունում։
Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: