ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Օմդուրման քաղաքի մոտակայքում Սուդանի ԶՈւ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով AP-ին։
Ավելի վաղ Սուդանի «Alrakoba» թերթը, հղում անելով ռազմական աղբյուրին, հայտնել էր, որ Սուդանի Օմդուրման քաղաքում (Խարթումի արբանյակային քաղաք) ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի անդամներն ու ինքնաթիռում գտնվող մի քանի սպաներ: Ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա։ «Al Sudani» թերթը հայտնել է, որ ավիավթարի հետևանքով 19 մարդ է զոհվել։
2023 թվականի ապրիլի 15-ից Սուդանում կատաղի մարտեր են ընթանում Մուհամմեդ Համդան Դաղլոյի հրամանատարությամբ ԱԱՈւ-ի և կանոնավոր բանակի միջև։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարել է, որ երկրում շարունակվող մարտերը կարող են հանգեցնել հիվանդությունների բռնկման և առողջապահական համակարգի ճակատագրական կոլապսի։ Ռուսաստանում Սուդանի դեսպան Մուհամեդ Սիրաջը հունվարի 4-ին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ իր երկրում զինված հակամարտությունը կավարտվի 2025 թվականին։
Վերջին ամիսներին երկրի զինված ուժերը հարձակում են իրականացնում Սուդանի մայրաքաղաք Խարթումում և մի շարք նահանգներում ԱԱՈւ-ի դիրքերի վրա։