ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Ռումինիայի Պլոեշտի քաղաքում անցկացված դպրոցականների միջազգային 9-րդ InfO(1)Cup օլիմպիադայում Հայաստանի թիմի բոլոր 4 մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների։
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը և Վահագն Գյոզալյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը և Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Մամիկոն Համբարյանը:
Թիմի ղեկավարը ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանն է:
InfO(1)Cup ամենամյա օլիմպիադան անցկացնում է Ռումինիայի Պրահովայի շրջկենտրոն Պլոեշտի քաղաքի ազգային քոլեջը։ Այս տարի օլիմպիադային մասնակցել է 17 երկրի 180 աշակերտ։ Օլիմպիադան անցկացվել է առցանց եղանակով: Մասնակցության հնարավորություն են ունեցել 2009 թ․ հունվարի 1-ից հետո ծնված դպրոցականները։
2024 թվականին infO(1)Cup օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները նվաճել էին 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ: