Ուկրաինան մոտ է օգտակար հանածոների շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնությանը. NYT

Համաձայնագրից հանվել է բնական պաշարների, այդ թվում՝ նավթի, գազի և օգտակար հանածոների արդյունահանումից ստացված 500 մլրդ դոլարի եկամուտների փոխանցման պահանջը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի-Sputnik. ԱՄՆ-ն և Ուկրաինան գտնվում են բնական ռեսուրսների համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլում: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով փաստաթղթի նախագծին և սեփական ներքին տեղեկատվությանը:
Թերթի տվյալներով՝ փաստաթղթով նախատեսում է, որ Վաշինգտոնը կստանա բնական ռեսուրսներից Ուկրաինայի եկամուտների մի մասը։
«Փետրվարի 24-ին քննարկված համաձայնագրի տարբերակը, որին ծանոթացել է The New York Times-ը, Ուկրաինայի համար ավելի շահավետ պայմաններ էր պարունակում, քան նախորդները, բայց չէր ներառում Կիևի պահանջած անվտանգային երաշխիքները», - գրում է թերթը:
Ընդ որում, համաձայնագրից հանվել է բնական պաշարների, այդ թվում՝ նավթի, գազի և օգտակար հանածոների արդյունահանումից ստացված 500 մլրդ դոլարի եկամուտների փոխանցման պահանջը: Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրների, բանակցությունները շարունակվում են, և գործարքի պայմանները կարող են փոխվել:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինային տրամադրած ֆինանսական և ռազմական օգնության դիմաց Վաշինգտոնը Կիևից հազվագյուտ մետաղների մատակարարման երաշխիքներ է ակնկալում:
Ուկրաինայի անվտանգությունը պետք է ապահովի Եվրոպան. Թրամփն ասել է` ինչ է պետք ԱՄՆ–ին
Բացի այդ, փետրվարի 14-ին Washington Post-ը հաղորդել էր, որ ամերիկյան պաշտոնյաները Վլադիմիր Զելենսկուն առաջարկել են ստորագրել համաձայնագիր, որով ԱՄՆ-ն իրավունքներ կստանա Ուկրաինայի դեռևս չարդյունահանված հանքային ռեսուրսների 50%-ի նկատմամբ:
Սակայն Զելենսկին հաջորդ օրը հայտարարեց, որ մերժել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ ստորագրել փաստաթուղթը։
Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահի խորհրդական Մայք Ուոլցը փետրվարի 20-ին Զելենսկուն կոչ արեց վերադառնալ հազվագյուտ մետաղների գործարքի շուրջ բանակցություններին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի համար դա փոխհատուցում կլինի արդեն իսկ տրամադրված օգնության դիմաց: