ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Կանադային կարող են հեռացնել արևմտյան հետախուզական «Հինգ աչք» դաշինքից։ Սպիտակ տանն այս հարցը քննարկվում է ամենաբարձր մակարդակով, հայտնում է բրիտանական Financial Times պարբերականը` հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին:
Նշվում է, որ կառույցից, որում ընդգրկված են նաև Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և Նոր Զելանդիան, Կանադային հեռացնելու հարցում վճռական է ԱՄՆ նախագահի առևտրի և արտադրության հարցերով ավագ խորհրդական Պիտեր Նավարոն:
«Պիտեր Նավարոն պնդում է, որ ԱՄՆ-ն Կանադային հեռացնի «Հինգ աչքից»..»,- նշվում է հրապարակման մեջ։
Հայտնի չէ` այս գաղափարը աջակցություն ստացել է, թե ոչ։
Ավելի վաղ ամերիկացի գործարար և ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ Կանադան իրական երկիր չէ: