ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում (բնակեցված է մեծամասամբ ռուսներով) մանկապարտեզի շինարարությունը կսկսվի այս տարվա ապրիլին։ Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսական տունը, համապատասխան պայմանագիրն այսօր ստորագրել են համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչովը և Ռուսական մարդասիրական առաքելության ղեկավար Սերգեյ Շևչուկը:
Ստորագրման արարողությանը ներկա է եղել Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի տեղակալ Վիկտորիա Դերիպասկոն:
Ներկայում ընթացող գեոդեզիական աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլ, այնուհետև կսկսվի 400 քմ մակերեսով մանկապարտեզի շինարարությունը:
Նախագծի համակազմակերպիչներն են «Ռոսսոտրուդնիչեստվոն» և Ռուսական մարդասիրական առաքելությունը, շինարարական կապալառուն հայկական «ՌՄ Գրուպ» ՍՊԸ-ն է, որը պետք է կառուցապատումն իրականացնի մինչև 2026 թվականը:
Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար և կունենա ննջարանային, պարի, երաժշտության և սպորտի բազմաֆունկցիոնալ տարածքներ, ինչպես նաև բժշկական սենյակ: Մանկապարտեզում կգործի երկու խումբ՝ 2-3 և 4-5 տարեկան երեխաների համար։
Ֆիոլետովո և Լերմոնտովո գյուղերը հիմնադրվել են 1820-ական թվականներին մոլոկանների կողմից և նախկինում կոչվում էին Նիկիտինո և Վոսկրեսենովկա։