Օրեր առաջ տեղացած առատ ձյան պատճառով Երևանում երթեկության կաթվածահար վիճակի և ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված տարբեր մեկնաբանություններ են հնչել։
Ըստ քաղաքապետ Տիգրան Ավինյանի` մայրաքաղաքում ձյան տեղումների առաջին օրը խցանումների 80 տոկոսը եղել է վթարների պատճառով, քանի որ ավտոմեքենաները չեն ունեցել ձմեռային անվադողեր։
Այս հայտարարությանը հետևեց Ներքին գործերի նախարարության հաղորդագրությունը, համաձայն որի` փետրվարի 20-ից 24–ը Երևանում արձանագրվել են ճանապարհատրանսպորտային 482 պատահարներ, որոնցից ընդամենը մի դեպքում է վարորդը երթևեկել ամառային անվադողերով, 8 վարորդ էլ երթևեկել է ձմեռային մաշված անվադողերով։
Ինչ վերաբերում է ավտոապահովագրական համակարգին, ապա այս օրերին այն աշխատել է գերծանրաբեռնված, արտակարգ ռեժիմով։ Ավոտապահովագրողների բյուրոյի տվյալներով` պայմանագրերը սպասարկող 6 ապահովագրական ընկերությունները միասին, 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել, ինչը բյուրոյում աննախադեպ են որակել։ Այս օրերին գրանցված պատահարների և դրանց պատճառների մասին Sputnik Արմենիան զրուցել է Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի հետ։
Պաշտոնյան չի ընդունում այն մեղադրանքը, որ խցանումների պատճառը ԱՊՊԱ համակարգն է։ «Ավելի շատ պետք է պայքարել պատճառների դեմ, քան հետևանքները վերացնելու վրա».-ասում է Եղիազարյանը։