ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հակամարտության կարգավորումից հետո Ուկրաինայի անվտանգության պատասխանատվությունը կընկնի եվրոպական երկրների վրա: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Դա լինելու է Եվրոպա, որը հետևելու է, որ ոչինչ չպատահի։ Չեմ կարծում, որ դա մեծ խնդիր կլինի: Երբ հակամարտությունը կարգավորենք, Ուկրաինայում այլևս պատերազմ չի լինի»,-ասել է Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Միևնույն ժամանակ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է Ռուսաստանի հազվագյուտ մետաղների «հսկայական պաշարներով», ինչպես նաև այլ «շատ արժեքավոր ռեսուրսներով»:
«Նրանք հազվագյուտ մետաղների հսկայական պաշարներ ունեն․․․ Եվ շատ արժեքավոր ռեսուրսներ ունեն, որոնք մենք կարող էինք օգտագործել»,-հայտարարել է նա։
ԱՄՆ նախագահը նաև հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու մտադրությունը՝ նշելով, որ հանդիպման մանրամասներն այս պահին քննարկվում են:
«Մենք մշակում ենք բոլոր մանրամասները, բայց այո՛, ինչ-որ պահի ես կհանդիպեմ նաև նախագահ Պուտինի հետ», – հայտարարել է Թրամփը Սպիտակ տան Օվալաձև կաբինետում:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն շարունակում է բանակցությունները Ուկրաինայում հակամարտության երկու կողմերի հետ՝ խաղաղ համաձայնության հասնելու նպատակով: