ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչության բոլոր նշաններն ունի, ռուսական կողմը Ֆրանսիայից պահանջում է քայլեր ձեռնարկել դիվանագիտական առաքելության անվտանգությունն ուժեղացնելու համար։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս մասին ասել է ՌԻԱ Նովոստիին։
Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ փետրվարի 24-ին պայթյուն է որոտացել Մարսելում ՌԴ հյուպատոսարանի մոտ, դեպքի վայր են մեկնել արտակարգ ծառայությունների բրիգադները։ Գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին տեղական «Marseillaise» պարբերականին հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել ոչ թե հյուպատոսարանի մոտ, այլ հենց ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության տարածքում։
«ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում տեղի ունեցած պայթյունները ահաբեկչության բոլոր հատկանիշներն ունեն, պահանջում ենք, որ հավատարմագրող երկիրը համակողմանի և արագ միջոցներ ձեռնարկի հետաքննության համար, ինչպես նաև քայլեր ձեռնարկի ռուսական օտարերկրյա հաստատության անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ», – ասել է Զախարովան։
ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը բանակցությունները խաթարելու նպատակով կարող է մի շարք ահաբեկչություններ կազմակերպել Եվրոպայում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ։