ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների (ՔԴՄ–ՔՍՄ) դաշինքը առաջատարն է Գերմանիայի ընտրություններում ձայների 28,6 տոկոսով, այն դեպքում, երբ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը երկրորդն է՝ 20,8 տոկոսով: Այս մասին են վկայում ընտրական հանձնաժողովի տվյալները՝ բոլոր 299 ընտրատարածքներում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքների հիման վրա։
Երրորդ տեղում Օլաֆ Շոլցի սոցիալ-դեմոկրատներն են՝ 16,4% քվեներով։ «Կանաչների» կուսակցությունը ստացել է ձայների 11,6%-ը, իսկ «Ձախերը»՝ 8,8%–ը։
Աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն առաջին անգամ է նման արդյունքի հասնում Գերմանիայում կայացած ընտրություններում։
Օլաֆ Շոլցն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է հեռանալ քաղաքականությունից այն բանից հետո, երբ դադարի կանցլեր լինել, և դառնա «նորմալ քաղաքացի»:
ԶԼՄ-ները գրում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ՔԴՄ-ի պահպանողականներին Գերմանիայի ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ և հայտարարել, որ գերմանացիները հոգնել են «առողջ դատողությունից զուրկ» քաղաքականությունից։
Նշենք, որ Գերմանիայում արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 23-ին։
Գերմանիայում քաղաքական ճգնաժամ առաջացավ նոյեմբերին, երբ կանցլերը պաշտոնից ազատեց ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին, որը ներկայացնում էր Ազատ դեմոկրատական կուսակցությունը: Հիմնական պատճառն այն էր, որ Լինդները չէր ցանկանում աջակցել բյուջետային քաղաքականության երկու առանցքային կետերին՝ ծախսերի ավելացում Ուկրաինային օգնելու համար և ներդրումներ Գերմանիայի տնտեսության զարգացման համար: