ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Շոումեն Միխայիլ Գալուստյանը և գործարար, «Ա-պրոպերտի» հոլդինգի սեփականատեր Ալբերտ Ավդոլյանը ներառվել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 16-րդ փաթեթում: Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում։
Փետրվարի 24-ին ԵՄ խորհուրդն անդամ երկրների ԱԳ նախարարների մակարդակով հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը, որում ներառվել են ինչպես տնտեսական, այնպես էլ անհատական նոր սահմանափակումներ:
Մասնավորապես, Գալուստյանն ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում՝ «Յունարմիա» շարժմանը մասնակցելու և Ռուսաստանի նախագահի քաղաքականությանը բացահայտ աջակցելու համար»:
«Դրանով նա աջակցում է գործողությունների, որոնք խաթարում և սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը», – ասվում է փաստաթղթում:
Ինչ վերաբերում է Ավդոլյանին, ապա ԵՄ ամսագրում նշվում է, որ նա գործարար հետաքրքրություններ ունի էներգետիկայի, հատկապես ածխարդյունաբերության ոլորտում:
Տարբեր ընկերությունների, մասնավորապես՝ «Ա-պրոպերտի» հոլդինգի և ածխի արդյունահանմամբ ու արտահանմամբ զբաղվող «Էլգաուգոլ» ընկերության միջոցով Ավոդլյանը «զգալի մասնաբաժիններ ունի էներգետիկ ենթակառուցվածքների ռուսական հատվածում»։
«Այսպիսով, Ալբերտ Ավդալյանը ռուսաստանցի գործարար է, որն աշխատում է տնտեսության այն ճյուղերում, որոնք զգալի եկամուտ են ապահովում Ռուսաստանի Դաշնության կառավարության համար», – ասվում է փաստաթղթում:
2024 թվականի հունվարի տվյալներով՝ Ավդոլյանը Forbes-ի՝ Ռուսաստանի գծով ցուցակի 56-րդ տեղում էր` 2,2 մլրդ դոլար կարողությամբ։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։