ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները պայթյունից չեն տուժել, իսկ Փարիզում ՌԴ դեսպանատունը կապի մեջ է տեղի իրավապահ մարմինների հետ, որպեսզի պարզի դիվանագիտական հաստատության վրա հարձակվողների ինքնությունը։ Նյութական վնաս ևս չի պատճառվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Փարիզում ՌԴ դեսպանատնից։
Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ փետրվարի 24-ին պայթյուն է որոտացել Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների խմբեր։ Քիչ անց գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին տեղական «Marseillaise» պարբերականին հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել ոչ թե հյուպատոսության մոտ, այլ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության տարածքում։
«Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը նախօրոք դիմել էր Ֆրանսիայի իշխանություններին՝ պահանջելով բարձրացնել Ֆրանսիայի ռուսական բոլոր կառույցների անվտանգության մակարդակը՝ հաշվի առնելով այս օրերին հնարավոր սադրանքները: Այնուամենայնիվ, հարձակումներ տեղի ունեցան: Դրանց հիմնական թիրախը դարձավ Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, որի մոտ փետրվարի 23-ին տեղի ունեցավ հակառուսական փոքր ցույց, իսկ փետրվարի 24-ին առավոտյան ժամը 7։30–ին անհայտ անձինք հրկիզող խառնուրդով, այսպես կոչված «Մոլոտովի կոկտեյլներով» շշեր նետեցին մեր հյուպատոսարանի տարածք», – հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։
Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Կիևը բանակցությունները խաթարելու նպատակով կարող է մի շարք ահաբեկչություններ կազմակերպել Եվրոպայում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ։