Լարսի ճանապարհը բաց է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար

Ճանապարհը դեռևս փակ է բեռնատարների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար:
Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։ Այս պահի դրությամբ ճանապարհը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար»,– նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ից մինչ այսօր առավոտյան Լարսի ճանապարհը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցվել է 2746 բեռնատար տարբեր երկրներից։ Դրանցից հայկական են 743–ը։