Կարծում եմ՝ պրոֆեսիոնալ են գործել. Երևանի փոխքաղաքապետը գոհ է իրենց կատարած աշխատանքից

Ըստ Լևոն Հովհաննիսյանի` իրենք կարողացել են փետրվարի 20-ին պատշաճ կերպով «դիմավորել ցիկլոնը» ու նույն կերպ էլ կկարողանան «ճանապարհել»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Երևանում տեղացած առատ ձյան հետևանքով երթևեկությունը դադարեցրած վարորդներն ուղղակի խնդիրների էին հանդիպել, բայց տեխնիկական հագեցվածության հարց չի եղել։ Sputnik Արմենիային այս մասին վստահեցրեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը` անդրադառնալով փետրվարի 20-ից հանրապետությունում, մասնավորապես Երևանում առատ ձյան հետևանքով ստեղծված իրավիճակին։
Նշենք, որ փետրվարի 20-ին, ժամը 17։30–18։00–ից սկսած մայրաքաղաքում կաթվածահար էին եղել մի շարք փողոցներ, մասնավորապես Մյասնիկյան, Գայի պողոտաները, որտեղ նաև հանրային տրանսպորտը չէր կարողանում երթևեկել: Խցանումներ առաջացել էին նաև առատ ձնից պատշաճ չմաքրված ճանապարհներին տեղի ունեցած բազմաթիվ վթարների հետևանքով: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտնել էր, որ ճանապարհներին կանգնած և չերթևեկող ավտոբուսների վարորդներն ուղղակի դրսևորել են բարձր հոգատարություն և գիտակցություն, որպեսզի առատ ձյան ու սառույցի պայմաններում չվտանգեն քաղաքացիների կյանքը: Այնինչ, Երևանի քաղաքապետարանից մշտապես վստահեցնում են հանրային տրանպորտի համասեզոնային անիվներն օգտագործվում են նաև ձմռանը՝ ձյան և սառույցի ժամանակ:
«Ավտոբուսները մեր երթևեկության մի մասն են, ինչպես և թեթև մարդատար մեքենաները։ Վստահեցնում եմ` տեխնիկական հագեցվածության խնդիր չի եղել, որովհետև ըստ ստանդարտների, համապատասխան անվադողերով կահավորված են եղել։ Ուղղակի վարորդները որոշակի խնդիրների են հանդիպել, դրա համար էլ որոշակի կուտակումներ են նկատվել։ Այն, որ ավտոբուսների վարորդներն ուղղակի դադարել են երթևեկել, զուտ սիտուատիվ խնդիրներ են եղել, որոշ հատվածներում էլ ճանապարհային ոստիկանությունն է դադարեցրել, մինչև քաղաքապետարանի տեխնիկան չի մշակել փողոցները»,– նշեց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է քաղաքապետարանի կատարած մաքրման աշխատանքներին, նրա կարծիքով` իրենք կարողացել են պատշաճ կերպով «դիմավորել ցիկլոնը» ու նույն կերպ էլ կկարողանան «ճանապարհել»։ Վստահեցրեց` իրենց աշխատակիցները բավականին պրոֆեսիոնալ են գործել, մնացածն էլ բնության հարց է եղել, որի դեմ երբեմն մարդն անզոր է։
Հովհաննիսյանը կարծում է, որ իրենց կատարած աշխատանքները շատ նկատելի են ու իրենք 24/7 ռեժիմով աշխատում են` երթևեկելի հատվածները մշակում են աղ–ավազով։
Հիշեցնենք, որ փետրվարի 20–ին Երևանում 10 ժամում տեղացել է 15 մմ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային։