ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դիմել է Իսրայելի հետ բանակցություններին մասնակցող միջնորդներին՝ կոչ անելով ազդել իսրայելական կողմի վրա, որպեսզի ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալներ, որոնք պետք է ազատ արձակվեին փետրվարի 22-ին, ազատություն ստանան:
«Կոչ ենք անում հրադադարի մասին համաձայնագրի միջնորդներին և երաշխավորներին՝ ճնշում գործադրել օկուպանտների վրա, որպեսզի նրանք պահպանեն համաձայնագիրն ու առանց ձգձգումների կատարեն դրա դրույթները», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Աբդել Լատիֆ Ալ Կանուայի հայտարարությունը:
Նա նշել է, որ Իսրայելի իշխանությունների կողմից սահմանված ժամկետում բանտարկյալներին ազատ արձակելու ցանկության բացակայությունը ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում է:
Նախօրեին ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է փոխանցել ևս 3 իսրայելցի պատանդների, սակայն «անթույլատրելի նվաստացուցիչ արարողությունների պատճառով, որոնք քարոզչական նպատակներով ցինիկաբար օգտագործում է ՀԱՄԱՍ-ը», Իսրայելը դադարեցրել է փետրվարի 22-ին նախատեսված պատանդների փոխանակման մասին համաձայնագրի իրականացումը: