«Հայկական հեռուստատեսությունն անհնար է պատկերացնել առանց Ձեզ». Շլեպչյանը 90 տարեկան է

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձում նշել է, որ Նարա Շլեպչյանը շուրջ կես դար անձնվիրաբար ծառայել է Հայաստանը հեռուստատեսությանը և միևնույն ժամանակ կրթել նոր հաղորդավարների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին 90-րդ տարեդարձի առիթով, հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։
«Իրավամբ, հայկական հեռուստատեսությունն անհնար է պատկերացնել առանց Ձեզ: Հղկված ու գեղեցիկ խոսքով Դուք նոր որակ և ճաշակ բերեցիք Հանրային հեռուստատեսություն՝ դառնալով բազում երիտասարդ հաղորդավարների կուռքը և արժանիորեն վաստակելով Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարի պատվավոր կոչումը։ Շուրջ կես դար Դուք անձնվիրաբար ծառայել եք հայկական հեռուստատեսության կայացման գործին՝ դառնալով մի ողջ դարաշրջանի խորհրդանիշը, կրթելով և դաստիարակելով երիտասարդ հաղորդավարների նոր սերունդ»,– ասված է ուղերձում։
Փաշինյանը նաև մաղթել է առողջություն, երկարակեցություն և անսպառ եռանդ:
Հիշեցնենք, որ Նարա Շլեպչյանը ծնվել է 1935 թվականին, փետրվարի 23-ին, Երևանում։
Նա սովորել և ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական ռուսական և օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1956 թվականի նոյեմբերի 29–ից, Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի բացման առաջին օրվանից աշխատել է որպես հաղորդավար և եղել է Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարը։ 1964–1983 թվականներին դասավանդել է Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտներում` որպես ռուսաց լեզվի, ապա` խոսքի կուլտուրայի և հաղորդավարի վարպետության դասախոս։