ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկին:
36-ամյա Դավթյանը եզրափակիչում հաղթեց օղակներ վարժությունում՝ հավաքելով 14.133 միավոր: Նա առաջ անցավ Ադրբեջանի և Թուրքիայի մրցակիցներից։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13.966 միավորով զբաղեցրեց չորրորդ տեղը:
Նժույգթափեր մրցաձևի եզրափակիչում հանդես եկան Մամիկոն Խաչատրյանը և Համլետ Մանուկյանը: Խաչատրյանը, որն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների մրցաշարի, զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ Մանուկյանը` 8-րդ։
Նշենք, որ փետրվարի 23-ին հանդես կգա օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք` Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան ավելի վաղ հայտնել էր, որ հայ մարմնամարզիկները չեն մասնակցի աշխարհի գավաթի 2-րդ փուլին, որն անցկացվելու է Ադրբեջանում։