Ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ. ՔՊ–ական պատգամավորի եղբոր մեկնաբանությունը վրդովմունք է առաջացրել

Էմմա Պալյան
Էմմա Պալյան
Իշխանական պատգամավորի եղբոր մեկնաբանությանն արձագանքել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկ Պալյանը, սոցցանցում մեկնաբանություն է գրել, որը բուռն քննարկման թեմա է դարձել։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ պատգամավորի եղբայրը մեկնաբանություն է գրել դերասանուհի Լիանա Վանոյանի հումորային տեսահոլովակի տակ, ապա մեկին հարցրել. «Ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ»։
Գրառում
«Իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, սույն ՔՊ-ական տղային ինչու՞ չեք կալանավորում խտրականության, ատելության քարոզի համար, թե՞ այդ հոդվածը միայն ընդդիմադիրների համար է»,– գրել է փաստաբանը։
Պատգամավորի եղբոր մեկնաբանությանն արձագանքել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը
««Ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Էմմա Պալյանը որոշել է պաշտպանել եղբորը և գրել է, թե որոշ լրատվականներ և անհատներ փորձում են այդ գրառման մեջ բաժանարար գծեր գտնել։
«Եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը։ Ուզում եմ մեկ բան հստակ ասել՝ սա ոչ թե տարանջատում է, այլ պարզապես աշխարհագրական տարբերություն, ինչպես կասեինք՝ շիրակցի, սյունեցի կամ լոռեցի»,– նշել է պատգամավորը։
Նա վստահեցրել է, որ որևէ խտրականություն լինել չի կարող։