ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին թեկնածուներ Ադգուր Արձինբան և Բադրա Գունբան համատեղ հայտարարություն են ստորագրել՝ դատապարտելով ազգամիջյան թշնամանք հրահրելու փորձերը: Փաստաթուղթն առաջարկել է Գունբան, երկու թեկնածուներն էլ ընդունել են այն։
Քաղաքական գործիչները պարտավորվել են ճանաչել ընտրությունների արդյունքները, եթե դրանք անցկացվեն երկրի օրենքներին խիստ համապատասխան: Բացի այդ, նրանք խոստացել են թույլ չտալ բռնության, զանգվածային անկարգությունների և իրավիճակի ապակայունացման կոչեր:
Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մարտի 1-ին։ Փետրվարի 15-ին կայացած առաջին փուլից հետո Աբխազիայի հայ համայնքի հասցեին սպառնալիքներ են հնչել։ Դրանց տարածմանը մասնակցում էին Արձինբայի կողմնակիցները:
Փետրվարի 17-ին սոցցանցերում ձայնագրություն էր հայտնվել, որտեղ Արձինբայի աջակից Էնվեր Բգանբան՝ Աբխազիայի նախագահի պաշտոնակատարի եղբորորդին, կոչ էր անում կոշտ գործողություններ ձեռնարկել հայ համայնքի նկատմամբ:
Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել էր ստուգումներ անցկացնել ՌԴ հայազգի քաղաքացիների հասցեին հնչող սպառնալիքների առնչությամբ: