Շուրջ 1650 անհուսալի վարկառուի դիմում հաստատվել է․ նրանք կօգտվեն պետության աջակցությունից

Գումարով տարա
Գումարով տարա. Արխիվային լուսանկար
«Անհուսալի վարկառու» դասակարգված անձինք իրենց դիմումները նախարարություն կարող են ներկայացնել մինչև 2026 թ․ հունվարի 31-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Այս պահի դրությամբ շուրջ 1650 անհուսալի վարկառուի դիմում հաստատվել է, նրանք կկարողանան օգտվել պետության աջակցությունից։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը հաստատել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը։ Դրանով առաջարկվում է վարկառուին ազատել չվճարված վարկի համար գանձվող տույժ–տուգանքներից և նրա աշխատավարձից գանձվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը։
Անհուսալի վարկառուների ցուցակը նախարարությունը սկսել է կազմել այս տարվա փետրվարի 7-ից։
«Դեռ վաղ է ընդհանուր ծրագրի արդյունավետության մասին խոսել, սակայն քանի որ ծրագիրը փետրվարի 1-ից ենք մեկնարկել, այս 20 օրվա համար դիմելիության ակտիվության իմաստով արդյունքները բավականին գոհացուցիչ են։ Այս պահի դրությամբ օրական միջինացված ունենում ենք 200-300 հաստատված դիմում»,- նշեց Մանուչարյանը։
Արդեն հաստատված դիմումներով շահառուներ են դարձել նրանք, որոնց ունեցած բոլոր վարկերի հանրագումարը չի գերազանցում 1 մլն դրամը և որոնց վարկերն առնվազն 3 տարի շարունակ դասակարգված են որպես անհուսալի։ Մանուչարյանը հիշեցրեց, որ որպես պարտադիր պայման ծրագրի շահառուն նաև պետք է լինի գրանցված աշխատող, այսինքն՝ ունենան ֆորմալ զբաղվածություն։
«Աջակցության չափերը տարբեր են՝ պայմանավորված շահառուի աշխատավարձի չափով։ Պետության աջակցությամբ տվյալ աշխատողի աշխատավարձից ամեն ամիս գանձվող եկամտահարկն ուղղվելու է անհուսալի դասակարգված վարկի մարմանը»,- տեղեկացրեց Մանուչարյանը։
Ավելորդ խնդիրներից խուսափելու համար նախարարությունը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ, նախկին ԴԱՀԿ) հետ անմիջական և ուղիղ է աշխատում։
«Անհուսալի վարկառու» դասակարգված անձինք իրենց դիմումները կարող են ներկայացնել մինչև 2026 թ․ հունվարի 31-ը, և ստանալ աջակցությունը դիմելու պահից սկսած 24 ամիս շարունակ։
Հիշեցնենք, որ 3 և ավելի տարվա վաղեմությամբ և մինչև 1 մլն դրամ վարկ ունեցող քաղաքացիները Հայաստանում 218 000-ն են։ Նրանց 65 տոկոսը գտնվում է ակտիվ աշխատանքային տարիքում` 25-50 տարեկան է։
ՀՀ–ում անհուսալի վարկային ընդհանուր բեռը 2024 թվականին 642 մլրդ դրամ է եղել։ Համեմատության համար նշենք, որ 2023-ի ապրիլի դրությամբ այդ բեռը կազմել է 525 մլրդ դրամ: