ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik․Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում զինված միջադեպի գործով կա ևս մեկ կալանավորված անձ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ միջադեպը տեղի է ունեցել Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ, հնչել են կրակոցներ։ Փետրվարի 10-ին հայտնի դարձավ, որ դեպքի առնչությամբ 4 անձ է կալանավորվել, ևս 3-ի նկատմամբ էլ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
«Այժմ 5 անձ կալանքի տակ է, 3-ն էլ տնային կալանքի տակ են»,- ասաց Ավդալյանը։
Հավելենք, որ այս գործով քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։
ՔԿ նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ 9-րդ մասնակցի նկատմամբ դեռ խափանման միջոց չի կիրառվել։
Հիշեցնենք` փետրվարի 5-ին` ժամը 00։40-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ. 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։
Ըստ ԶԼՄ–ների` սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 335-րդ հոդվածով (hրազենի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)։