ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. «Ինտերը» կարող է ժամանակից շուտ բաժանվել տարիքով մեծ մի շարք ֆուտբոլիստներից, այդ թվում` Հենրիխ Մխիթարյանից, Ֆրանչեսկո Աչերբիից և Մատեո Դարմիանից, գրում է իտալական Calciomercato պարբերականը:
Վերջին տարիներին թիմի խաղացողների միջին տարիքը գերազանցում է 30 տարեկանը: Դրա հետևանքով նրանցից շատերն ավելի հաճախ են վնասվածքներ ստանում և բաց թողնում հանդիպումները: Իտալական սպորտային պարբերականները ենթադրում են, որ «սև-կապույտների» ղեկավարությունը մտադիր է երիտասարդացնել կազմը աշխարհի ակումբային առաջնությունից առաջ, որը կկայանա հունիսին ԱՄՆ-ում:
Լրացուցիչ տրանսֆերային պատուհանը, որը մրցաշարից առաջ բացվել է մասնակիցների համար, կարող է դառնալ թիմը թարմացնելու հնարավորություն։ Բոլոր երեք ֆուտբոլիստների գործող պայմանագրերը նախատեսված են մինչև 2026 թվականը, սակայն արդեն 2025-ի ամռանը նախատեսված է դրանք վաղաժամկետ դադարեցնելու հնարավորություն` հրաժարագին վճարելու պայմանով։
Նշենք, որ Մխիթարյանը վերջերս 36 տարեկան դարձավ, սակայն «Ինտերում» շարունակում է մնալ դաշտի կենտրոնի մշտական խաղացող: Բացի այդ, ֆիզիկական ակտիվության ցուցանիշները (օրինակ` յուրաքանչյուր խաղում վազքը) ամենաբարձրերից մեկն են մնում թիմում։
Ավելացնենք, որ Աչերբին և Դարմիանը իտալական ֆուտբոլի վետերաններ են. երկուսն էլ ընդգրկվել են նաև Իտալիայի հավաքականում (Աչերբին դրա կազմում դարձել է Եվրո-2020-ի հաղթող):