ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է գահակալությունից հրաժարվելու որոշում կայացնել, եթե առողջական վիճակի պատճառով այլևս չկարողանա հանդիպել հավատացյալների հետ: Այս մասին հայտարարել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազին «Ռադիո Լյուքսեմբուրգին» (RTL) տված հարցազրույցում, փոխանցում է Corriere della Sera-ն։
Կարդինալի խոսքով՝ Ֆրանցիսկոս Առաջինը միշտ վճռական է եղել կարևոր հարցերում։ Առայժմ, չնայած առողջական բարդություններին (ծնկի ցավ), նա շարունակել է ակտիվ գործունեությունը՝ կատակելով, որ սովորաբար կառավարում են ոչ թե ծնկներով, այլ գլխով։ Նա ստիպված էր սահմանափակել հանրային հանդիպումները, որոնք միշտ նախընտրում էր հեռակա շփումից, բայց նա չի դադարեցրել իր ճանապարհորդությունները. Ոչ վաղ անցյալում, օրինակ, եղել է Արևելյան Ասիայում։
«Աներկբայորեն, եթե նա չկարողանա ուղիղ շփում պահպանել, ապա կարող է հրաժարվել գահակալությունից», - հայտարարել է կարդինալը:
Ռավազիի խոսքով` հրաժարման նախագիծն ավելի վաղ Հռոմի պապը ուղարկել է Վատիկանի պետական քարտուղարին (վարչակազմի ղեկավարին), ուստի ցանկացած պահի կարող է դրան ընթացք տրվել:
88-ամյա Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը (աշխարհիկ անունը՝ Խորխե Մարիո Բերգոլիո, ծնունդով` Արգենտինայից) Հռոմի պապ է ընտրվել 2013 թվականի մարտին: Նրա նախորդը՝ Բենեդիկտոս XVI-րդը, 8 տարի հովվապետությունից հետո հրաժարվել է գահակալությունից, ինչը Վատիկանի պատմության վերջին մի քանի դարերի ընթացքում աննախադեպ երևույթ էր: