ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. ՄԱԿ-ում հակառուսական բանաձևի նախագծին ԱՄՆ-ի չմասնակցելը ցույց է տալիս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության պրագմատիզմը: Այս մասին G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ԱՄՆ-ն հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր առաջին անգամ չի ընդգրկվել Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևի նախագծի համահեղինակների թվում։ Սպասվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձևը կքննարկի փետրվարի 24-ին:
«Դա վկայում է Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության էության պրագմատիզմի մասին։ Նա մի շարք երկրների առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ՝ հաստատ և, ամենայն հավանականությամբ, համաշխարհային մեծամասնության այլ ներկայացուցիչների հետ շփումներում ևս շեշտում է, որ իր հիմնական կարգախոսը ողջախոհությունն է: Միայն դրանում եմ ես փոփոխություն տեսնում այս հերթական աննպատակ, փակուղային բանաձևի համահեղինակների ցանկում»,-ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Սերգեյ Լավրովն ընդգծել է նաև, որ, ըստ ռուսական տվյալների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն խորհուրդներ է տալիս Վլադիմիր Զելենսկուն՝ հորդորելով նրան պնդել իր ասածը մինչև Ուկրաինայի հարցով բանակցությունների մեկնարկը։
«Մեր տվյալներով՝ նա խորհուրդներ է տալիս Զելենսկուն, մատնանշում է իրենը պնդելու անհրաժեշտությունը․․․ մինչև բանակցությունները սկսելը: Եվ ընդգծվում է Կիևի համար նույնիսկ դիրքորոշման մեղմացման ակնարկների, էլ չասած, ինչպես իրենք են ասում, տարածքային զիջումների անթույլատրելիությունը»,-ասել է Լավրովը։
Լավրովը դա անվանել է «վակխանալիա» և Ռյուտեի կողմից սեփական ֆունկցիոնալ պարտականությունների չարաշահում` ընդգծելով, որ ՆԱՏՕ-ի ոչ բոլոր անդամները նման դիրքորոշում ունեն Ուկրաինայի հարցում: