Ո՞րն է Եվրոպայի ձախողման պատճառը. գերմանացի քաղաքագետի կարծիքը

Եվրմաիության և Գերմանիայի դրոշները
Եվրոպացի առաջնորդներին լրջորեն մտահոգել է Վաշինգտոնի ակտիվությունը, և նրանք մտավախություն ունեն, որ Եվրոպան դուրս կմնա Ուկրաինայի հետ կապված խաղաղության գործարքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Եվրոպացիները դուրս են մնում Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության գործարքից, և դա ամբողջովին Եվրոպայի մեղքն է։ «Focus»-ին տված հարցազրույցում այս տեսակետն է հայտնել գերմանացի քաղաքագետ Թոմաս Յագերը։
«Իրականում բոլորը գիտեն, թե ինչպիսին պետք է լինի եվրոպական պատասխանը՝ տնտեսական աճ, խոշոր արդյունաբերական և տեխնոլոգիական նախագծեր և ռազմական հզորություն։ Փոխարենը` եվրոպացիները թույլ են տալիս, որ իրենց ղեկավարեն։ Դրանից բողոքելը մեղադրական ակտ է գերմանական և եվրոպական դիվանագիտության դեմ», - նշել է փորձագետը։
Յագերը հավելել է, որ նախքան բանակցությունների սեղանի շուրջ տեղ պահանջելը պետք է որոշակի քայլեր ձեռնարկել հակամարտությունը թուլացնելու համար։
«Փարիզյան վերջին հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ սարսափելի թույլ ու պառակտված է Եվրոպան», - ասել է քաղաքագետը։
Հիշեցնենք` փետրվարի 19-ին Փարիզում Ուկրաինայի հարցով երկրորդ հրատապ գագաթնաժողովն է անցկացվել։ Հանդիպմանը մասնակցել են Իսլանդիան, Նորվեգիան, Բալթյան երկրները (Լիտվա, Էստոնիա և Լատվիա), Չեխիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան, Շվեդիան և Բելգիան, ինչպես նաև Կանադան։
Նրանցից շատերի ներկայացուցիչները բանակցություններին միացել են տեսակապով։ Առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 17-ին, մասնակցել են նաև Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Դանիայի ղեկավարները և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։