ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Ուկրաինայի իշխանություններն իրենց թույլ են տալիս անընդունելի բաներ ասել այլ երկրների ղեկավարների հասցեին։
Ավելի վաղ` փետրվարի 19–ին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բրիտանական Daily Mail թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկու հարձակումները նախագահ Դոնալդ Թրամփի վրա հանրային տիրույթում միայն կվնասեն նրան։
«Զելենսկու և Կիևի ռեժիմի այլ ներկայացուցիչների հռետորաբանությունն ընդհանուր առմամբ այդքան էլ լավը չէ... Հաճախ ուկրաինական ռեժիմի ներկայացուցիչները, հատկապես վերջին ամիսներին, իրենց թույլ են տալիս բոլորովին անընդունելի արտահայտություններ այլ պետությունների հասցեին», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով` Մոսկվան որոշակի տարաձայնություններ է արձանագրում Վաշինգտոնի և Կիևի միջև։
«Իհարկե, Կիևի ռեժիմին բոլորովին դուր չի գալիս հաշվետու լինել արդեն իսկ ծախսած գումարների համար։ Սա հազիվ թե վիճելի փաստ է», – հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նշել է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մոտեցումը` բանակցությունների միջոցով Ուկրաինայում խաղաղություն հաստատելու անհրաժեշտության վերաբերյալ դուր է գալիս Մոսկվային, սակայն հակամարտության կարգավորման հարցերում դեռ հստակ կոնկրետություն չկա։ Նրա խոսքով` կլինեն ուժեր, որոնք կփորձեն խաթարել երկխոսությունը երկրների միջև, ուստի պետք է պատրաստ լինել դրան։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերն Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների ռազմական կոնտինգենտի տեղակայման անընդունելիության մասին։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին կոպիտ պատասխան էր տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր ցածր վարկանիշի մասին խոսքերին։ Նա ասել էր, որ ուկրաինացիների 57%-ը վստահում է իրեն և մեղադրել էր ԱՄՆ առաջնորդին ապատեղեկատվություն տարածելու համար։