ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Օտարերկրյա աշխատողները փետրվարի 5-ից ՌԴ-ում կարող են գտնվել միայն պայմանագրի առկայության դեպքում։ Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) մամուլի ծառայության մեկնաբանությամբ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան՝ մեկնաբանելով «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքում փոփոխությունները։ Նա հստակեցրել է, որ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն երրորդ երկրների, այլև ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին։
Առանց հիմքերի ՌԴ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիները փետրվարի 5-ից կարող են արտաքսվել երկրից: Այս դեպքում նրանց տվյալները մուտքագրվում են վերահսկվող անձանց ռեեստր կամ պետծառայությունների պորտալ: Մինչև ապրիլի 30-ը տվյալ քաղաքացիներին հնարավորություն է տրվում օրինականացնել իրենց գտնվելը ՌԴ-ում։ Ռեեստր մուտքագրված օտարերկրյա աշխատողները կարող են դիմել ՆԳՆ–ի տարածքային մարմիններ: Ռեեստրից դուրս գալու համար նրանք պետք է թողնեն կենսաչափական տվյալները, անցնեն բժշկական քննություն, վճարեն չմարված տուգանքները (առկայության դեպքում) և ներկայացնեն աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր:
Օմուրբեկովան հստակեցրել է, որ քաղաքացիները դուրս են բերվում վերահսկվող անձանց ռեեստրից նաև այն դեպքում, եթե նրանք լքել են Ռուսաստանի Դաշնության սահմանները:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ երկրների քաղաքացիները Ռուսաստանում կարող են աշխատել նաև որպես ինքնազբաղված։ Այդ նպատակով նրանք Ռուսաստանում պետք է ստանան անհատական հարկային համար:
Ի տարբերություն երրորդ երկրների աշխատողների` ԵԱՏՄ երկրների քաղաքացիներից չի պահանջում ստանալ ինչպես աշխատանքի թույլտվություն, այնպես էլ աշխատանքային գործունեության արտոնագիր: