Ավինյանը վստահեցնում է՝ ձնամաքրման աշխատանքները պատշաճ են կատարվում

Тигран Авинян во время прямого эфира
Շատերն աշխատանքից կամ այլ վայրերից տուն հասնելու համար ծախսել են շուրջ 3-5 ժամ, այնինչ այդ ճանապարհները մոտ 15-30 րոպե հեռավորության վրա են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավելի քան 10 ժամ տևած առատ ձյան տեղումներից և ՔՊ–ի ժողովից հետո վերջապես դուրս եկավ փողոց և սկսեց վստահեցնել, թե բոլոր ծառայություններն աշխատում են, և 40 ձյուն մաքրող մեքենա շրջում է քաղաքում։ Գայի պողոտայում աշխատող հատուկ տեխնիկայի ֆոնին ուղիղ եթերով նա դիմեց քաղաքացիներին և հավաստիացրեց՝ ձնամաքրման աշխատանքները պատշաճ կերպով կատարվում են, չնայած որոշ խնդիրների:
Նշենք, որ երեկոյան 18:00-ից սկսած կաթվածահար էին եղել մայրաքաղաքի մի շարք փողոցներ, մասնավորապես Մյասնիկյան, Գայի պողոտաները, որտեղ նաև հանրային տրանսպորտը չէր կարողանում երթևեկել: Խցանումներ առաջացել էին նաև առատ ձնից պատշաճ չմաքրված ճանապարհներին տեղի ունեցած բազմաթիվ վթարների հետևանքով:
Ավինյանը Նոր Նորք վարչական շրջանից էր ուղիղ եթերով ներկայացրել ձնամաքրման աշխատանքների ընթացքը։
«Ձնամաքրման աշխատանքները 4 օրվա ընթացքում իրականացվելու են շուրջօրյա, մեր ամբողջ տեխնիկան դրված է գործի: Այս պահին Գայի պողոտան անցանալի է, խնդիրներ պարբերաբար առաջանում են, բայց այս պահին ճանապարհն անցանելի է: Երևանի քաղաքապետարանի բոլոր ծառայությունները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ, շուրջ 40 տեխնիկա հենց այս պահին աշխատում է քաղաքի փողոցներում»,- ասաց Ավինյանը:
Հավելենք՝ շատերն աշխատանքից կամ այլ վայրերից տուն հասնելու համար ծախսել են շուրջ 3-5 ժամ, այնինչ այդ ճանապարհները մոտ 15-30 րոպե հեռավորության վրա են:
Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտնել էր, որ ճանապարհներին կանգնած և չերթևեկող ավտոբուսների վարորդներն ուղղակի դրսևորել են բարձր հոգատարություն և գիտակցություն, որպեսզի առատ ձյան ու սառույցի պայմաններում չվտանգեն քաղաքացիների կյանքը: Այնինչ, Երևանի քաղաքապետարանից մշտապես վստահեցնում են հանրային տրանպորտի համասեզոնային անիվներն օգտագործվում են նաև ձմռանը՝ ձյան և սառույցի ժամանակ:
Գագիկ Սուրենյանն էլ հայտնել է, որ այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային:
Դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են. նախարար