Տարիների դադարից հետո Մոսկվան ու Վաշինգտոնն օրերս կրկին առերեսվեցին, այս անգամ Էր Ռիադում։ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և Ամերիկայի ներկայացուցիչների հանդիպման պատճառը Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողությունն է, որը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին։
Մինչ օրս կոնֆլիկտի շուրջ ռուս-ուկրաինական նախկին բանակցությունները որևէ արդյունք չեն գրանցել։ Այս անգամ արդեն, Սաուդյան Արաբիայի հովանու ներքո, փետրվարի 18-ի բանակցությունները անցկացվեցին առանց Կիևի մասնակցության։
Սաուդյան Արաբիայում Ռուսաստանը ներկայացնում էին նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ ամերիկյան կողմից` պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ-ի նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։
Ի դեպ, նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողնանն Անկարա էր հրավիրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենկսուն։ Ռուս-ամերիկյան բանակցություններին նախորդել էր Մյունխենի անվտանգության համաժողովը, որտեղ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Վենսը խստորեն քննադատել էր Եվրոպային` հիմնարար արժեքներից հրաժարվելու համար։
Այս իրադարձությունների ֆոնին քաղաքական վերլուծաբանները կարծիք են հայտնում, որ ձևավորվում է նոր աշխարհակարգ, և շուտով ականատես ենք լինելու գլոբալ ազդեցության կենտրոնների փոփոխությունների։ «Ռուսաստանը և Միացյալ նահանգները դառնալու են աշխարհում անվտանգության նոր համակարգի ճարտարապետները».-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը։