2025թ–ը ՀՀ տնտեսության համար բավականին մարտահրավերներ է պարունակում. Աղասի Թավադյան

Sputnik
Փետրվարի 12-ին տեղի ունեցավ ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի առաջին հեռախոսազրույցը։ Ըստ պաշտոնական լրատվության` աշխարհի երկու գերտերությունների ղեկավարները քննարկեցին հիմնականում Ուկրաինայի խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու հարցը:
Փետրվարի 18-ին Էր Ռիադում տեղի ունեցան նույն թեմայով ռուս–ամերիկյան առաջին բանակցությունները` ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ։
Հաշվի առնելով 2022թ–ից Ուկրաինայի դեմ հատուկ գործողության և ՌԴ–ի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցների` հայաստանյան տնտեսության վրա ունեցած դրական ազդեցությունը` ռուս–ամերիկյան հարաբերությունների կարգավորուման ու ռուս–ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծման արդյունքում մասնագետները հակառակ սպասումներ են կանխատեսում։
«2025թ–ը Հայաստանի տնտեսության համար պարունակում է բավականին մարտահրավերներ` սկսած փոխարժեքային ռիսկերից, վերջացրած ոսկու վերաարտահանման դադարով և ՌԴ–ից այլ դրական ազդակների վերջաբանով, որոնց մենք պետք է պատրաստ լինենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է Tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը։