ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրատվամիջոցների համար ճեպազրույցի ժամանակ, որը ժամանակային առումով համընկել է Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների հետ, կատակել է իր հեռախոսի մասին, որը «պայթում» է ամերիկյան CNN հեռուստաալիքի լրագրողների զանգերից:
«Հեռախոսս ուղղակի պայթում է CNN-ի թղթակիցների զանգերից։ Գուցե մեկը նրանց ասի, որ հիմա ճեպազրույցի ենք։ Հասկանում եմ, որ նրանք բացառիկ են, բայց ոչ այդ աստիճան: Փոխանցեք նրանց, խնդրում եմ: Հեռախոսս արդեն տաքացել է», - ժպտալով ասել է Զախարովան։
Նա նաև նշել է, որ ամերիկյան հեռուստաալիքի լրագրողները կարող են միանալ իր ճեպազրույցին:
Այսօր Էր Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները: Ռուսաստանը բանակցություններում ներկայացնում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ամերիկյան կողմից բանակցողներն են՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Բանակցություններին մասնակցում են նաև Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները։ Ինչպես նշել է Ուշակովը, հանդիպման օրակարգում է նաև Ուկրաինայի հարցով բանակցությունների մեկնարկի հարցը։