Վերին Լարսի անցակետը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վիճակագրության համաձայն՝ օրական շուրջ 150 հայկական բեռնատար է անցնում «Վերին Լարս» անցակետով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը «Վերին Լարս» անցակետով փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ ձնահյուսի վտանգի պատճառով։
Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհին եղանակային պայմանների վատթարացման և ձնահյուսի վտանգի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է», - ասվում է հաղորդագրության մեջ։
Վրաստանի հատվածում Լարսով անցնող ճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակվել է փետրվարի 17-ի գիշերը։ Այս պահին Հայաստանից անցնելու իրենց հերթին են սպասում ավելի քան 340 բեռնատար։
Վիճակագրության համաձայն՝ օրական շուրջ 150 հայկական բեռնատար է անցնում «Վերին Լարս» անցակետով։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ գործող ցամաքային ճանապարհն է (Վրաստանով)։