ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. «Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի» (ԿԽԿ) նավթավերամշակման կայանը Կիևի ռեժիմի հարձակման հետևանքով լուրջ վնասներ է կրել, որոնք կվերացվեն մեկուկես-երկու ամսում, Ղազախստանից նավթի մղումը կարող է մոտ 30%-ով նվազել։ Այս մասին հայտնել է «Տրանսնեֆտը», որը կոնսորցիումի հիմնական բաժնետերերից է։
Կրասնոդարի երկրամասում գործող «Կրոպոտկինսկայա» նավթավերամշակման կայանը փետրվարի 17-ին ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման։ ԿԽԿ-ն նույն օրը հայտարարել է, որ ահաբեկչական հարվածը հասցվել է 7 անօդաչու թռչող սարքերով, որոնք, պայթուցիկներից բացի, լցված են եղել մետաղե խոցող տարրերով: «Տրանսնեֆտն» ավելի ուշ ճշտել է, որ անօդաչուները կառավարվել են Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող զինված կազմավորումների կողմից:
«Հարձակման հետևանքով օբյեկտը լուրջ վնասներ է կրել` ավերվել է տանիքը, վնասվել են փակ բաշխիչ սարքը, գազատուրբինային կայանքը, մալուխները, ջրի բաքը, ոչնչացվել են երկու տրանսֆորմատորները, ֆիլտրերը և հրդեհաշիջման համակարգը», - հայտնում է «Տրանսնեֆտը»:
Ֆինանսական համալսարանի և ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փորձագետ Իգոր Յուշկովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ԿԽԿ-ի նավթավերամշակման կայանի վրա անօդաչուների հարձակումից ամենաշատը տուժում են Ղազախստանում նավթարդյունահանող արտասահմանյան, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունները:
«Առաջին հերթին տուժում է Ղազախստանում արտադրանքի բաժանման մասին համաձայնագրի պայմաններով հանքավայրեր շահագործող արտասահմանյան ընկերությունների կոնսորցիումը։ Նաև լիարժեք հասույթ չեն ստանա օտարերկրյա ընկերությունները, որոնք ԿԽԿ-ի բաժնետերեր են, ինչպես նաև ընդհանուր առմամբ հենց Ղազախստանը: Ռուսաստանը ԿԽԿ-ի համակարգով նավթի տարանցումից այնքան էլ շատ օգուտ չի ստանում», - նշել է փորձագետը։
«Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումը» Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և առաջատար արդյունահանող ընկերությունների մասնակցությամբ խոշորագույն միջազգային նավթատրանսպորտային նախագիծ է: Նավթը տեղափոխվում է Նովոռոսիյսկի Յուժնայա Օզերեևկա ծովային տերմինալ, որտեղից առաքվում է համաշխարհային շուկաներ: ԿԽԿ-ի խոշորագույն բաժնետերերն են Ռուսաստանից «Տրանսնեֆտը», Ղազախստանից «ԿազՄունայԳազ»-ը, ինչպես նաև «Chevron», «Lukoil», «ExxonMobil», «Rosneft» և «Shell» ընկերությունները:
Անցյալ տարի «Կրոպոտսկինսկայա» նավթավերամշակման կայանով մղվել է 63 միլիոն տոննա նավթ, որի 74%-ը պատկանում է արևմտյան ընկերություններին։ «Chevron»-ը 2024 թվականին ԿԽԿ-ով մղել է 26,8 միլիոն տոննա՝ անցած տարվա ընթացքում ընկերության ամբողջ նավթի արդյունահանման 20%-ը: