ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Հյուսիսային Օսեթիայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել եղանակային պայմանների վատթարացման և ծանրաքաշ տրանսպորտի համար Ռազմավիրական ճանապարհի փակման պատճառով: Այս մասին հայտնել է Հյուսիսային Օսեթիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն իր Telegram-ալիքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 17-ի գիշերը Վրաստանից դեպի Ռուսաստան Վերին Լարս անցակետով ճանապարհը փակ է եղել կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար:
Մենյայլոյի խոսքով՝ ռեժիմը սկսել է գործել տեղական ժամանակով ժամը 11:00-ից: Մեծ բեռնատարների համար նախատեսված ավտոկայանատեղերում տեղերը սպառվելու դեպքում դրանց մուտքը հանրապետության տարածք կսահմանափակվի։
«Տրանսպորտի կուտակման վայրերում ջեռուցման կետեր են տեղակայվում. այստեղ կարելի է ոչ միայն տաքանալ և թեյ խմել, այլև լիցքավորել բջջային սարքերը։ Նաև շտապօգնության բրիգադներ են հերթապահելու»,-նշել է Մենյայլոն։
Նա հորդորել է ուշադիր և զգույշ լինել, անհրաժեշտության դեպքում դիմել փրկարար ծառայություններին՝ հավաքելով «01»՝ ստացիոնար սարքերից և «112»՝ շարժական սարքերից: