ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Նախընտրելի կլիներ, որ Եվրոպայի պետություններն ու առաջնորդները, որոնք իբր փորձում են պաշտպանել Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը» բանակցությունների սեղանի շուրջ, Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ հավակնությունների ֆոնին նույնքան հետաքրքրվածություն դրսևորեին Դանիային օգնելու հարցում, կարծում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Telegram-ի իր ալիքում նա նշել է, որ մի շարք եվրոպական երկրներ և ԵՄ առաջնորդներ ձգտում են նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ պաշտպանելու Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը»։
Ընդ որում` Ուկրաինան ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի անդամ է` ի տարբերություն Դանիայի, որը և՛ մեկի, և՛ մյուսի անդամ է և այժմ բախվում է Վաշինգտոնի լուրջ հավակնություններին։
«Գուցե ԵՄ անդամները, որոնք այդքան երազում են «նստել բանակցությունների սեղանի շուրջ», նման սեղան գտնեն, օրինակ, Կոպենհագենում և նստեն դրա շուրջ: Քննարկեն Դանիայի օգնության, դիվանագիտական կարգավորման և «տարածքային զիջումների» պայմանները», - գրել է Զախարովան։
Նա հավելել է, որ այդ քննարկումներում կարելի էր ներգրավել ԵԱՀԿ-ին, որտեղ Դանիայի տարածքային ամբողջականության վերաբերյալ «բանակցային սեղանի» շուրջ ԵՄ անդամները կարող են նստել ԱՄՆ–ի հետ։
«Եթե նստեցնեն և կարողանան նստել իրենք։ Թե՞ նման «բանակցային սեղան» Մյունխենում լացողները չէին կանխատեսել»,- հեգնանքով հետաքրքրվել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք` 2024-ի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար «բացարձակ անհրաժեշտություն» է Գրենլանդիային տիրանալը. այսպես էր նա մեկնաբանել Շվեդիայում ԱՄՆ նախկին դեսպան և ձեռնարկատեր Քեն Հաուերին Դանիայում ԱՄՆ նոր դեսպան նշանակելու որոշումը: