Անվտանգության երաշխիքներ կան, բայց սիրիահայերը դեռ մտահոգված են. Ալեքսանյան

Հալեպ
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Բեյրութով Հայաստան է տեղափոխվել 20 ընտանիք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Սիրիահայ համայնքի ներկայացուցիչների շրջանում անհանգստությունը պահպանվում է՝ չնայած երկրի նոր ղեկավարության հետ հանդիպմանը, որի ընթացքում տրվել են անվտանգության երաշխիքներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը:
«Երկու օր առաջ տեղի է ունեցել հայ և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների հանդիպումը Սիրիայի նոր ղեկավարության հետ, և այդ հանդիպման ժամանակ նրանց անվտանգության երաշխիքներ են տրվել։ Սակայն մտահոգությունը դեռ պահպանվում է»,– նշեց Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին 20 ընտանիք է կարողացել Բեյրութով տեղափոխվել Հայաստան։ Նրանցից շատերն արդեն աշխատանքի են տեղավորվել, իսկ ոմանց ֆինանսական օգնություն է ցուցաբերվել։
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, դրանից հետո նախագահ Բաշար Ասադը թողեց պաշտոնը և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամմեդ ալ Բաշիրը, որն ավելի վաղ Իդլիբ նահանգում գլխավորում էր այսպես կոչված «փրկության կառավարությունը», հայտարարեց, որ մինչև 2025 թվականի մարտի 1-ը կղեկավարի անցումային շրջանի կառավարությունը։
Զինված ամբոխն այրել է Բաշար Ասադի հոր գերեզմանը. տեսանյութ
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար դարձավ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան (հայտնի է Ջուլանի անունով), որը հունվարի վերջին հռչակվեց Սիրիայի ժամանակավոր նախագահ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան կշարունակի աջակցել սիրիացի ժողովրդին՝ ելնելով այն սկզբունքից, որ երկրի ապագան պետք է որոշեն հենց սիրիացիները։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարեց, որ Ռուսաստանը մտադիր է բանակցել Սիրիայի նոր իշխանությունների հետ բոլոր արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Տարտուսում ռազմածովային ուժերի բազայի օգտագործման վերաբերյալ պայմանավորվածությունները: