Իսրայելը և ԱՄՆ-ն միակարծիք են` Իրանը չպետք է միջուկային զենք ունենա. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն,. Արխիվային լուսանկար
Վաշինգտոնն ու Թել Ավիվը համակարծիք են նաև տարածաշրջանում Իրանի ագրեսիան կասեցնելու անհրաժեշտության հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Իսրայելը և ԱՄՆ-ն ունեն ընդհանուր դիրքորոշում, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Այս մասին Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք քննարկել ենք շատ հարցեր, բայց դրանցից ոչ մեկն ավելի կարևոր չէ, քան Իրանը: Իսրայելը և Ամերիկան ​​ուս ուսի են կանգնած այս սպառնալիքի դեմ: Մենք միասնական ենք այն հարցում, որ այաթոլլաները չպետք է միջուկային զենք ունենան»,- ընդգծել է Նեթանյահուն:
Նրա խոսքով` Վաշինգտոնը և Թել Ավիվը համաձայն են նաև տարածաշրջանում Իրանի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտության հարցում։ Նա նշել է, որ վերջին 16 ամիսների ընթացքում Իսրայելը լուրջ հարված է հասցրել Թեհրանի դաշնակիցներին, և վստահություն է հայտնել, որ ԱՄՆ աջակցությամբ այդ աշխատանքը կավարտվի։