ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ Արցախյան 44֊օրյա պատերազմից ավելի քան 4 տարի անց գտնվել և ԴՆԹ հետազոտության միջոցով նույնականացվել են զոհված եղբայրներ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները։ Տեղեկությունը հայտնում է Սիսիանի համայնքապետարանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Եղբայրների հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 16֊ին` ժամը 17։00֊ից 20։00֊ն, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
Հուղարկավորությունը փետրվարի 17֊ին է` ժամը 13։00֊ին, Սիսիանի քաղաքային պանթեոնում։
Նշենք, որ եղբայրների ճակատագիրն անհայտ էր 2020 թվականի հոկտեմբերի 10-ից: Նրանք եղել են Կարմիր Շուկայում։
Ավագ եղբայրը՝ Գևորգ Հովհաննիսյանը, ծնվել է 1984 թվականին, կրտսերը՝ Գոռը, 1986-ին։ Երկուսն էլ Սիսիանի զորամասում պայմանագրային ծառայողներ էին։
Հիշեցնենք՝ 2024թ–ի դեպտեմբերին առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կան 89 նույնականացված և չհուղարկավորված մարմին և մասունքներ։
Ավելի վաղ նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմից և Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից հետո մարմինների և մասունքների փորձաքննություններն ավարտվել և ամփոփվել են։