ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կհեռանա քաղաքականությունից, երբ այլևս Գերմանիայի կանցլեր չլինի։ Նա այդ մասին ասել է «Jung & Naiv» պոդկաստի շրջանակում։
Շոլցը նշել է, որ ցանկանում է կրկին «նորմալ քաղաքացի» դառնալ։
«Ես պատիվ եմ ունեցել երկար տարիներ իմ երկրի համար ինչ-որ բան անելու և հուսով եմ, որ դեռ երկար ժամանակ կկարողանամ դա անել, բայց դրանից հետո նորից նորմալ քաղաքացի դառնալու ժամանակը կգա», – ասել է Գերմանիայի կանցլերը։
Նշենք, որ փետրվարի 23-ին Գերմանիայում արտահերթ ընտրություններ տեղի կունենան ։
Գերմանիայում քաղաքական ճգնաժամ առաջացավ նոյեմբերին, երբ կանցլերը պաշտոնից ազատեց ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին, որը ներկայացնում էր Ազատ դեմոկրատական կուսակցությունը: Հիմնական պատճառն այն էր, որ Լինդները չէր ցանկանում միաժամանակ աջակցել բյուջետային քաղաքականության երկու առանցքային կետերին՝ ծախսերի ավելացում Ուկրաինային օգնելու համար և ներդրումներ Գերմանիայի տնտեսության զարգացման համար:
Հարցումների համաձայն՝ քաղաքական ուժերի թվում 30%-ից մի փոքր ավելի վարկանիշով շարունակում է առաջատար մնալ Քրիստոնեա-դեմոկրատական ու Քրիստոնեա-սոցիալական միությունների ընդդիմադիր դաշինքը, որը գլխավորում է Ֆրիդրիխ Մերցը։