ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Եվրամիության տնտեսական քաղաքականությունը շարունակելը կնշանակի, որ նրա օրերը հաշված են, իսկ ժամկետը, որի ընթացում հնարավոր է արմատապես ինչ-որ բան փոխել, երկու-երեք տարի է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոյի եթերում։
«Եթե գերմանացիներն ու ֆրանսիացիները ինչ-որ բան չհորինեն և Եվրամիությունը նոր մակարդակի չհասցնեն, ապա նրա օրերը հաշված են։ Կարիք չկա այնտեղից դուրս գալ, այն ինքնուրույն կքանդվի, եթե այսպես շարունակվի»,-ասել է Հունգարիայի վարչապետը։
Նրա խոսքով՝ Հունգարիան ամեն դեպքում ավելի լավ է ԵՄ-ում մնա, քանի որ դրա ստեղծման գաղափարը դրական էր և «եթե այն ճիշտ կազմակերպված լիներ, ապա լավ կծառայեր անդամ երկրների շահերին»:
Հունգարիայի վարչապետը հիշեցրել է, որ եվրոպական մրցունակության անկման և ԵՄ-ի ապագա փլուզման մասին նշվել է Իտալիայի նախկին վարչապետ և Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարիո Դրագիի՝ «եվրոպացի խորաթափանց տնտեսագետներից մեկի» զեկույցում:
Օրբանն ընդգծել է, որ իր խոսքերը ոչ քննադատություն են ԵՄ-ի նկատմամբ, ոչ էլ արտահայտում են ԵՄ-ից դուրս գալու Հունգարիայի մտադրությունը: Սակայն ԵՄ-ում կարճ ժամանակում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ։