ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ն մտադիր է Հնդկաստանին հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ մատակարարել, այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների արդյունքում:
Վաշինգտոնն ակնկալում է, որ Հնդկաստանը կավելացնի ամերիկյան զենքի գնումները «միլիարդավոր դոլարների» չափով։
«Այս տարվանից մենք միլիարդավոր դոլարներով կավելացնենք Հնդկաստանին մեր ռազմական մատակարարումների ծավալները և ճանապարհ կբացենք նրան F-35 կործանիչներ փոխանցելու համար»,-հայտարարել է ԱՄՆ առաջնորդը:
Հատկանշական է, որ Հնդկաստանն ավանդաբար եղել և մնում է աշխարհում ռուսական զենքի խոշորագույն գնորդներից մեկը` կործանիչներից մինչև հականավային հրթիռներ:
Հնդկաստանի սպառազինության կազմում է նաև խորհրդային արտադրության միակ ավիակիր հածանավը։ Իսկ ավելի վաղ Նյու Դելին Մոսկվայից C-400 զենիթահրթիռային համակարգեր էր ձեռք բերել։ Չնայած դրան, ԱՄՆ-ն Հնդկաստանի դեմ չսահմանեց պատժամիջոցները, որոնք նախատեսված են CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքով, ի տարբերություն Թուրքիայի, որին հեռացրել էին F-35-ների արտադրության և մատակարարման ծրագրից` Մոսկվայից նույն C-400-ները գնելու համար:
Վաշինգտոնի նման հավատարմությունը Նյու Դելիին պայմանավորված է Հարավարևելյան Ասիայում Չինաստանին հակազդելու գործում Հնդկաստանի ռազմավարական կարևորությամբ:
Հարկ է հիշեցնել, որ օրերս Հնդկաստանում կայացած խոշոր միջազգային ավիաշոուի ժամանակ պատմության մեջ առաջին անգամ միասին ներկայացվել են F-35-ը և հինգերորդ սերնդի ռուսական Су-57-ը, որի գնումը նույնպես դիտարկում են Նյու Դելիում: