Ֆլուրոգրաֆիայի ապարատները կարևոր են հատկապես զորակոչիկների հետազոտությունների համար. Անուշ Պողոսյան

Sputnik
Ֆլուրոգրաֆիայի ապարատները հատկապես կարևոր են զորակոչիկների թոքային հիվանդությունների ախտորոշման, պրոֆիլակտիկ հետազոտությունների համար. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը` մեկնաբանելով կառավարության որոշումը։
«Հիմա խնդիր է առաջանալու, քանի որ այդ բոլոր հետազոտությունները պետք է արվեն ռենտգեն ապարատով։ Իսկ քանի որ մարզային հիմնարկներում այդ ապարատները այնքան էլ շատ չեն, հարց է առաջանում` ինչպե՞ս են վարվելու այդ հիվանդների հետ»,– ասել է Պողոսյանը։
Կառավարության երեկվա նիստում ընդունված որոշման համաձայն` ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունն այլևս չի համապատասխանում բժշկագիտության ժամանակակից պահանջներին, և ռենտգեն կամ համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտությունների համեմատ քիչ արդյունավետ է։
Այս հիմնավորմամբ հայաստանյան հիվանդանոցներում ու պոլիկլինիկաներում ֆլյուորոգրաֆիա այլևս չեն անի, հնացած համարվող սարքավորումներն էլ աստիճանաբար կհանվեն շահագործումից։