ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. Անհետ կորածների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում թեժ քննարկումից հետո իշխանությունները հասկացել են, որ նրանց դժգոհությունները` պետական ինստիտուտների անգործության մասով, կարող են իրենց չներվել, գրում է «Հրապարակ» թերթը։
«Եվ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում մի քանի օր առաջ աշխատանքային փակ քննարկում է եղել` ՆԳ, արդարադատության նախարարների և այլ պաշտոնյաների մասնակցությամբ, որ իրավական սահմանում տրվի «անհետ կորած» անձանց կարգավիճակին: Անհետ կորածների հարազատները ստիպված են լինում դատական կարգով հասնել մահացածի կարգավիճակի հաստատմանը, որ օգտվեն պետական աջակցությունից»,-գրում է պարբերականը։
Ըստ պարբերականի՝ «Անհետ կորածի մասին» օրենքի նախագիծը տարիներ շարունակ օրենք չի դառնում, քանի որ պետական կառույցների դիրքորոշումները տարբեր են։ ՊՆ-ում կարծում են, որ այս հարցերն ամբողջությամբ կարգավորված են՝ առանձին օրենքի կարիք չկա։ Սակայն հանձնաժողովի քննարկմանը եկել են համոզման, որ պետք է առանձին օրենքով սահմանել այդ կարգավիճակը։
Անհետ կորածների և նրանց հարազատների իրավունքների խնդիրները ծագել են դեռ արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Պաշտոնական տվյալներով՝ 1988-2005 թթ. կար 437 անհետ կորած, որից 224-ը՝ զինծառայող, 213-ը՝ խաղաղ բնակիչ: 2020-ից հետո կա 187 զինծառայող, 21 քաղաքացիական անձ։ Որոշվել է, որ օրենքը պետք է վերաբերի բոլոր ժամանակներին:
Հավելենք, որ մի քանի օր առաջ՝ փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը: