ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Եթե իրականում Պաշտպանության բանակը մարտ չի վարել ու մարտական խնդիրներ չի լուծել, արդյոք տարօրինա՞կ չէ այն հանգամանքը, որ ՊԲ հրամանատարական կազմի մեծ թվով ներկայացուցիչներ իրենց ծառայությունն այսօր շարունակում են ՀՀ պաշտպանության նախարարությունում կամ ԶՈւ գլխավոր շտաբում։
Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ ըստ էության, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերին, որոնք լայն քննարկման առարկա են դարձել։ ԱԺ խոսնակն արցախցի լրագրողին «խորհուրդ էր տվել» մնալ ու կռվել Արցախում։
«Եթե այդ մարդիկ կռիվ չեն վարել, մարտական խնդիր չեն լուծել, քրեորեն պատժելի որևէ գործողություն են արել, ապա ինչպե՞ս են այսօր բարձր պաշտոններ զբաղեցնում ԶՈւ ղեկավար կազմում»,- ասաց Աբրահամյանը։
Մասնավորապես, Աբրահամյանն իր խոսքում անդրադարձավ Արցախի պաշտպանության վերջին նախարար, ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանին, ով ներկայում զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականի պաշտոնը (2024թ․ օգոստոսի 8-ից-խմբ.)։ Աբրահամյանը Կամո Վարդանյանի պահվածքը «տարօրինակ» անվանեց։
Աբրահամյանի համար նաև խնդրահարույց է ՀՀ գլխավոր շտաբի ու հատկապես, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի լռությունը։
«Մի մարդ, ով անցել է պաշտպանության բանակի բովով՝ մինչև ՊԲ պաշտպանական շրջաններից մեկի հրամանատար, կարճ ժամանակահատված եղել է ՊԲ շտաբի պետը, և նրանք այսօր հանդուրժում են ՊԲ ու ՊԲ մարտիկների, հրամանատարների, կամավորների, զինծառայողների նկատմամբ անարգանքը, որ այս օրերին և ոչ միայն այս օրերին, թափվում է ՊԲ-ի գլխին»,- շեշտեց Աբրահամյանը։
Հավելեց՝ երկար ժամանակ այս ամենի մասին չէր խոսում՝ հուսալով, որ ի վերջո այդ մարդիկ մի կողմ կդնեն պաշտոնից կախվածությունն ու իրենց վրա պատասխանատվություն կվերցնեն։
«Ես հորդորում եմ այդ մարդկանց և առաջին հերթին 2023թ․ սեպտեմբերի 19-ին ՊԲ հրամանատարի կարգավիճակում գտնված անձին (Կամո Վարդանյան-խմբ.) հրապարակային հիմնավորումներ տալու, արձագանքելու և իրավիճակը ներկայացնելու»,- ասաց Աբրահամյանը։
Շեշտեց, որ որևէ մեկին հանգիստ չի տալու և թույլ էլ չի տալու, որ ՊԲ-ի ամարտական ուղին, անցած ճանապարհը, նահատակների սխրանքները որևէ մեկը գցի ջուրը։