Դրամաշնորհներով աշխատող և Բրյուսելի ու Վաշինգտոնի տերերի ցանկությունները կատարող արևմտամետ քաղաքական գործիչների դարաշրջանն ավարտվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չերնիշովը՝ ներկայացնելով «Հաղթանակ 9/45» հայրենասիրական նախագիծը, որի կազմկոմիտեն ինքն է գլխավորում։
«USAID–ի դրամաշնորհները սպառվում են: Սեփական պատմությունն ու երկիրը ծախելու պատրաստ քաղաքական գործիչներին փոխարինելու են գալիս հայրենասեր քաղաքական գործիչները: Նրանք ռուսամետ կամ «այլամետ» չեն: Նրանք իրենց երկրի, իրենց ժողովրդի, իրենց պատմության և իրենց յուրաքանչյուր օրվա կողմնակիցներն են։ Այն մարդկանց, որոնք հիշում են պատմությունը։ Այն երեխաների, որոնք հիշում են, որ իրենց տատերին և պապերին ռուս սպաներ, խորհրդային զինվորներ են ազատագրել։ Եվ դա հիանալի է», – ընդգծել է Չերնիշովը։
Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2025 թվականը հայտարարել է Հայրենիքի պաշտպանի տարի, և այդ որոշումը ընդգծում է պատմական հիշողությունը պահպանելու ցանկությունը՝ փառաբանելով անցյալի և այսօրվա պաշտպաններին, որոնք ամեն օր իրենց կյանքն են զոհաբերում, որպեսզի ֆաշիզմը Ուկրաինայում և աշխարհի այլ մասերում մեկընդմիշտ պարտվի։
«Նախագծի նպատակը ժողովրդի սխրանքի նկատմամբ հարգանքը վերականգնելն է։ Եթե հակիրճ ձևակերպենք «Հաղթանակ 9/45»-ի կարգախոսը՝ «Պաշտպանեք պաշտպաններին»։ Նրանց, ովքեր պայքարել են նացիզմի դեմ, բայց այսօր, ցավոք, «ավելորդ» են դառնում այն մի շարք երկրներում, որոնք ազատագրել են»,- ասել է կազմկոմիտեի ղեկավարը։
Նրա խոսքով` նախագծի մեծ փառատոներ կանցկացվեն Հայրենական մեծ պատերազմին մասնակցած քաղաքների կենտրոնում և կմիավորեն տարբեր սերունդների։
Բացի այդ «Հաղթանակ 9/45»-ի շրջանակում ավտոերթ կկազմակերպի Բալկաններում, որի հիման վրա ֆիլմ կնկարահանվի պատերազմի ժամանակ ժողովուրդների կատարած սխրանքների մասին։