Թրամփը հայտարարել է, որ երկար զրույց է ունեցել Պուտինի հետ․ Կրեմլը մանրամասներ է հայտնում

Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը. արխիվային լուսանկար
Կրեմլում հաստատել են, որ Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ երկար և արդյունավետ զրույց է ունեցել Պուտինի հետ` նշելով, որ զրույցի բովանդակությունը կփոխանցի Զելենսկուն։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցում։

«Մենք երկուսս էլ համաձայնել ենք, որ ուզում ենք դադարեցնել միլիոնավոր մահերը Ռուսաստան–Ուկրաինա պատերազմում»,–զրույցից անմիջապես հետո գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ արդյունավետ է եղել։ Նրա խոսքով՝ իրենք քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, էներգետիկ հարցեր և մի շարք այլ թեմաներ:
ԱՄՆ–ի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Պուտինին ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Մարկ Ֆոգելին ազատ արձակելու համար և նշել, որ փոխանակման շրջանակներում ԱՄՆ-ն ազատ կարձակի Ալեքսանդր Վիննիկին:
Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է սերտ համագործակցության մասին, որը ներառելու է փոխադարձ այցեր Ռուսաստան և ԱՄՆ: Նա նաև գրել է, որ ինքն ու Պուտինը համաձայնել են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության հարցում:
Բացի այդ, ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, նրանք պայմանավորվել են իրենց թիմերին հանձնարարել բանակցություններ սկսել «անհապաղ»:
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան մի օր կարող է Ռուսաստան դառնալ
Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից այդ բանակցությունները կգլխավորեն ԿՀՎ ղեկավարը, պետքարտուղարը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։
Թրամփը հայտնել է, որ երկու առաջնորդները վերհիշել են երկու երկրների հզոր պատմությունը և այն, թե ինչպես են հաջողությամբ միասին կռվել Երկրորդ համաշխարհային պատերազմում. «Ռուսաստանը տասնյակ միլիոնավոր մարդիկ է կորցրել, և մենք էլ մեր հերթին նույնպես հսկայական կորուստներ ենք ունեցել»։
ՌԴ նախագահը համաձայնել է Թրամփի հետ, որ Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել բանակցությունների միջոցով և ողջունել է Թրամփի այն թեզը, որ եկել է միասին աշխատելու ժամանակը:
ՌԴ-ն մտադիր է շարունակել սերտ հարաբերություններն Իրանի հետ. Պեսկովը՝ Թրամփի որոշման մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը միաժամանակ հայտնել է, որ Պուտինն ու Թրամփը խոսել են գրեթե մեկուկես ժամ, այդ ընթացքում քննարկվել է նաև ՌԴ և ԱՄՆ քաղաքացիների փոխանակման հարցը:
Պուտինը Թրամփի հետ զրույցում հանդես է եկել Ուկրաինայում հակամարտության արմատական պատճառները վերացնելու օգտին, ինչպես նաև ԱՄՆ նախագահին հրավիրել է Մոսկվա: